Հայաստանում հարցվածների 60 տոկոսը, հիմնականում՝ կանայք, նշել են, որ կյանքի ընթացքում իրենք նկատմամբ ընտանեկան բռնության առնվազն մեկ ձեւ կիրառվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղիների վերաբերյալ քննարկման ժամանակ նշել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը՝ ողջունելով աշխատանքային քննարկման մասնակիցներին:
Նշենք, որ հայ եւ ամերիկացի իրավապահները՝ այլ պետական պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացրել են մեկօրյա աշխատանքային քննարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղիների վերաբերյալ, մի խնդիր, որ արդիական է բազմաթիվ ընտանիքների համար Հայաստանում:
«Այն երկրները, որտեղ կանայք ունեն լիարժեք ու հավասար իրավունքներ եւ հաջողության հասնելու հնարավորություններ, ավելի բարեկեցիկ են ու ավելի խաղաղ: Բռնությունը թույլ չի տալիս, որ քաղաքացիները լիարժեք մասնակցություն ու ներդրում ունենան իրենց ընտանիքի, համայնքի, երկրի ու պետության տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կյանքում»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը ողջունելով աշխատանքային քննարկման մասնակիցներին Երեւանում:
«ԵԱՀԿ-ի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրության տվյալներով Հայաստանում հարցվածների 60 տոկոսը, հիմնականում՝ կանայք, նշել են, որ կյանքի ընթացքում իրենք նկատմամբ ընտանեկան բռնության առնվազն մեկ ձեւ կիրառվել է: Քննարկման մասնակիցները դիտարկեցին այն ուղիները, թե ինչպես հասարակության բոլոր օղակները կարող են աշխատել միասին, այդ թիվը կրճատելու նպատակով:
Այն, որ այսքան շատ ակտիվ հայկական գերատեսչություններ ու կազմակերպություններ՝ մեր գործընկերները ՀՀ ոստիկանությունից, քննչական կոմիտեից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակության խմբերից, հավաքվել են այստեղ, նշանակում է եւ հույս է ներշնչում, որ ընտանեկան բռնության վերացման ուղղությամբ կլինի առաջընթաց», - ասաց փոխդեսպան Փրայսը:
Հայ մասնակիցների հետ միասին միջոցառմանը մասնակցում են երկու ամերիկացի փորձագետներ՝ լեյտենանտ Քելլի ՄքՄահիլը եւ լեյտենանտ Ջեյմի Պրոսերը, որոնք աշխատում են Նեւադայի նահանգի Լաս Վեգասի ոստիկանությունում: Նրանք Հայաստանում են գտնվում արդեն մեկ շաբաթից ավել, հանդիպումներ են ունեցել տեղի գործընկերների հետ եւ այցելել են ընտանեկան բռնության զոհերին օգնություն ցուցաբերող կառույցներ:
Այս մեկօրյա աշխատաժողովը ընտանեկան բռնության դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու հերթական քայլն է: 2014թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Սիեթլում եւ հանդիպում են ունեցել տեղի գործընկերների հետ: 2015թ. ապրիլին ԱՄՆ դեսպանությունն անցկացրեց կարիքների գնահատում՝ընտանեկան բռնության տարրերով հանցանքների հետ կապված Հայաստանի իրավապահ կառույցների ընթացիկ կարողությունների վերաբերյալ : Գնահատումը ակնառու դարձրեց այս աշխատանքներում այլ պետական կառույցների ներգրավման կարեւորությունը: Երկրորդ ճանաչողական այցը կազմակերպվեց 2015թ. օգոստոսին, որի շրջանակում Քննչական կոմիտեի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները եղան Լաս Վեգասի ոստիկանությունում:
ԱՄՆ դեսպանությունը՝ իր գործընկերների եւ ամերիկյան փորձագետների հետ, առաջ շարժվելուն զուգընթաց ուշադրությունը կբեւեռի երեք հարցերի. իրազեկման ապահովում եւ ուսուցումներ այն համայնքներում, որտեղ ձեւավորվել են ճգնաժամային կենտրոններ. բազմապրոֆիլ աշխատանքային խմբի ձեւավորում՝ ապահովելու միասնական ընթացակարգեր ուղղված ընտանեկան բռնության գործերի քննությամբ զբաղվող գերատեսչությունների հետեւողական ու արդյունավետ աշխատանքին. եւ ուղղորդման մեխանիզմի/կարգի ձեւավորում՝ բարելավելու աշխատանքների համակարգումը ընտանեկան բռնության դեմ պայքարում դերակատարում ունեցող կառույցների միջեւ:



























