Սահմանային լարվածությունը կապված է Ադրբեջանի ներքին եւ տարածաշրջանում առկա խնդիրների հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը` անդրադառնալով վերջին օրերին իրավիճակի սրացմանը:
«Ղարաբաղյան առաջնագծում կամ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կապված է եւ Ադրբեջանի ներքին, եւ տարածաշրջանում առկա խնդիրների հետ: Ադրբեջանն ունի տնտեսական լուրջ խնդիրներ, իսկ Ալիեւն ու պաշտպանության նախարարն էլ խոստումները պահելու խնդիր ունեն»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով` սահմանային լարվածության պատճառ կարող է հանդիսանալ Ալիեւ-Սարգսյան սպասվելիք հանդիպումը, Ադրբեջանի` Թուրքիային սատարելու ցանկությունը, ընտրություններ:
«Մինչեւ նախագահների հանդիպումը սրացում է լինելու, չեմ զարմանա, որ հանդիպմանն օրն էլ սրացում կլինի, չի բացառվում սրացում նաեւ հանդիպումից հետո, երբ պարզ կլինի քննարկված հարցերի շրջանակը: Այնպես որ մինչեւ Նոր տարի էլ իրավիճակը սահմանին լարված կլինի, նույնը կշարունակվի նաեւ տոնական օրերին»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների` առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը սահմանին լարված է. Հայկական կողմն ունի մեկ զոհ եւ երեք վիրավոր:




























