ԱՄՆ-ի նախագահի կինը` Միշել Օբաման նկարահանվել է Ջեյ Ֆարոայի` բարձրագույն կրթության օգտակարությանը նվիրված ռեփ-տեսանյութում, գրում է The Guardian-ը:

Կրկներգը պատմում է, որ ապագա առաջին տիկինը Չիկագոյում էր ապրում եւ շատ էր սովորում Փրինսթոնի եւ Հարվարդի համալսարաններ ընդունվելու համար:  «Ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել եւ օգնել այն երիտասարդներին, որոնք շատ են աշխատում իրենց նպատակին հասնելու համար: Ես ուզում եմ դա անել զվարճալի եւ նոր եղանակով», — ասել է Օբաման թերթին տված հարցազրույցում:

Go To College («Քոլեջ ընդունվիր») տեսանյութը հինգշաբթի` դեկտեմբերի  10-ին հրապարակվել է Youtube-ի CollegeHumor ալիքում: Նյութը գրելու պահին այն ավելի քան   800 հազար մարդ էր դիտել, գրում է Lenta-ն:

Տեսահոլովակի աշխատանքներին մասնակցել է նաեւ Նյու Յորքից  Gregory Brothers խումբը, ինչպես նաեւ զվարճալի CollegeHumor ռեսուրսի ստեղծողները: Տեսահոլովակը առաջին տիկնոջ Reach Higher արշավի մաս է դարձել, որի շրջանակում նա երիտասարդությանն օգնում է բարձրագույն ուսումնական հաստատություններ, քոլեջներ ընդունվել կամ գրանցվել մասնագիտական պատրաստության դասընթացների: