Սահմանադրական փոփոխությունները զուրկ են լեգիտիմությունից: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը՝ վերլուծելով Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի գործընթացն եւ հիմնվելով անկախ դիտորդների եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից արձանագրած բազմաթիվ խախտումների վրա, գտնում է, որ հանրաքվեն կեղծվել է եւ հետեւաբար ընդունված սահմանադրական փոփոխությունները զուրկ են լեգիտիմությունից: Առկա են բազմաթիվ փաստեր, որ իշխանությունները սիստեմատիկ կերպով կիրառել են կեղծիքների մի ամբողջ զինանոց՝ գիտակցելով, որ առանց լայնամաշտաբ կեղծիքների, սահմանադրական փոփոխությունները կմերժվեին ընտրողների ճնշող մեծամասնության կողմից: Գործի են դրվել ընտրախախտումների բոլոր տեսակները՝ հաճախ անթաքույց ձեւով. լցոնումներ, ընտրակաշառք, պետական ռեսուրսների օգտագործում, տեղամասերում մարդկանց կուտակումներ, քրեական տարրերի ներգրավում, կրկնակի քվեարկություն, այլ անձանց փոխարեն քվեարկություն, լրագրողների, վստահված անձերի, դիտորդների եւ հանձնաժողովների անդամների ահաբեկում եւ նրանց նկատմամբ բռնության կիրառում:

Հատկանշական է կեղծիքների մեկ այլ կարեւոր գործիք՝ ընտրողների ուռճացած ցուցակները: Այս ցուցակներում տեղ են գտել մահացած մարդիկ, ինչպես նաեւ հանրապետությունից բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այն հանգամանքը,  որ քվեարկողների ցուցակնեըը  չի հրապարակվել, իշխանություններին լայն հնարավորություն է ընձեռել մեծ թվով կեղծ քվեներ գրանցել իրենց օգտին: Այս երեւույթն հատկապես ցավալի է «Հայկական Վերածնունդ»-ի բազմաթիվ անդամների, ինչպես նաեւ սփյուռքում բնակվող շատ հայրենակիցների համար, որոնք՝ լինելով Հայաստանի հպարտ քաղաքացիներ, սակայն՝ հանգամանքների բերումով, ստիպված լինելով ապրել արտերկրում, ՀՀ իշխանությունների որոշմամբ զրկված են իրենց բնակության վայրերում քվեարկելու իրավունքից:

Սփյուռքում բնակվող Հայաստանի քաղաքացիների անունից մենք մեր զայրույթն ենք արտահայտում ՀՀ հանցավոր իշխանություններին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, առ այն, որ նրանք ոչ միայն մեզ զրկել են ընտրելու իրավունքից, այլ նաեւ անօրեն եւ լկտիորեն օգտագործել են մեր ձայները իրենց ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով:

«Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը դատապարտում է Հայաստանի ապօրինի իշխանություններին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծելու եւ ժողովրդի կամքը ոտնահարելու համար: Մերժում ենք կեղծված հանրաքվեի միջոցով լեգիտիմացված սահմանադրական փոփոխությունները եւ դրանք համարում օրինական ուժ չունեցող: Միաժամանակ մեր օժանդակությունն ենք վերահաստատում Հայաստանում գործող բոլոր առողջ ուժերին, որոնք լծված են սահմանադրական կարգ եւ ժողովրդավարություն հաստատելու խաղաղ պայքարին»: