Հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն չի ստեղծվի առանց Թուրքիայի համաձայնության եւ հուշարարության, իսկ տարածաշրջանային իրադրությունը անհրաժեշտ է գնահատել տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների դիրքորոշման համատեքստում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Ադրբեջանին հասկանալու համար մենք պետք է նախեւառաջ աշխարհաքաղաքական իրադրությունը հասկանանք, որովհետեւ տանկային, հրանոթային կրակոցները պատահական բան չեն լինում, եւ կապված են լինում տարածաշրջանային մեծ եւ ավելի գլոբալ զարգացումների հետ: Տարածաշրջանի զարգացումները եւ իրադրությունը հասկանալու համար պետք է հասկանալ եւ գլոբալ խաղացողների եւ տարածաշրջանի խաղացողների դիրքորոշումը»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ եթե մենք գլոբալ խաղացողների եւ տարածաշրջանային խաղացողների վարքը չկարողանանք կանխատեսել, մենք չենք կարող կանխատեսել նաեւ մեր խնդիրները եւ առաջնահերթությունները:
Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանն առաջին հերթին պետք է փորձի հասկանալ Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դրքորոշումը:
«Ադրբեջանը մեծ պրոցեսների ինքնուրույն խաղացող չէ, ինքնուրույն դերակատար չէ, եւ կարող ենք բացահայտ ձեւով արդեն ասել, որ նա Թուրքիայի կցորդն է այդ իմաստով: Իսկ այս իմաստով տարածաշրջանում Ադրբեջանի վարքը հասկանալու համար, պետք է հասկանալ Թուրքիային, թե այն տարածաշրջանի քաղաքական ի՞նչ ուղեգիր է որդեգրել, եւ ի՞նչ ծրագրեր ունի: Թուրքիայի վարքն էլ պայմանավորված է ավելի հզոր ուժերի ներգրավվածությամբ տարածաշրջանային գործողություններին: Վերջին տարիներին սահմանին տիրող լարվածությունը հենց Թուրքիայի ծրագրավորված քաղաքականության ծիրում է»,-հավելեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ ըստ միջազգայանգետների՝ Թուրքիան, կարծես թե, փորձում է Միացյալ Նահանգների սովորական խաղացողից դառնալ ինքնուրույն խաղացող եւ օգտագործել տարածաշրջանում գրաված իր հատուկ տեղը:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը նաեւ պետք է զարկ տա տնտեսական քաղաքականությանը, որի շնորհիվ դուրս կգա Թուրքիայի եւ Ադրբեջանի բանեցրած տնտեսական շրջափակումից:




























