Եթե ընդդիմադիր ճամբարի պատգամավորները 27 ստորագրություն հավաքեն ՍԴ հայց ներկայացնելու համար, «Օրինաց երկիրը» կմիանա նրանց: Այդ մասին դեկտեմբերի 11-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` պատասխանելով դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին վերաբերող հարցին:
Նրա խոսքով, հանրաքվեի ընթացքում իրոք եղել են խախտումներ: Ճիշտ է, չի կարելի պնդել, թե բոլոր ID քարտ ունեցողները կրկնակի են քվեարկել: Սակայն նման հնարավորություն ստեղծված էր, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե դրանից չեն օգտվել: «Բոլոր կեղծարարները պիտի պատժվեն, եւ մենք պիտի համառորեն պայքարենք հանուն դրա», - հավելել է Շահգելդյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, դեկտեմբերի 6-ին Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է 825 հազար մարդ, դեմ` 421 հազար: Փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման խորհրդարանական եղանակի: ԿԸՀ-ին խորհրդարանական բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, ինչը պատգամավորների թվի մեկ հինգերորդն է:




























