ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչկան կոմիտեից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին թիվ 9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 9/16 տեղամասի դիտորդ Վարդգես Գասպարին թիվ 9/15 տեղամասում պարբերաբար աղմկել է, հայհոյել եւ իր վարքագծով խոչընդոտել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին, մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը։
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։




























