Նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում հնարավոր կլինի միասնական ջանքերով ձևավորել նոր մոտեցումներ` ամրապնդելով փոխշահավետ համագործակցությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպության (EDS) շուրջ 20 երկրից ժամանած 60 անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանք Երեւանում են ՀՀԿ երիտասարդական թեւի հրավերով:

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով եվրոպացի ուսանողներին՝ վարչապետը կարեւորել է նման այցելությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել ՀՀ-ն ու հայ ժողովրդին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀԿ-ն բարձր է գնահատում ընդհանուր արժեքների վրա հիմնված ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: «Մենք բազմիցս նշել ենք, որ ԵՄ հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մենք հանձնառու ենք խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ այս համատեքստում կարեւորելով Բրյուսելում մեկնարկած ՀՀ–ԵՄ բանակցությունները: «Վստահ ենք, որ նորացված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում հնարավոր կլինի միասնական ջանքերով ձեւավորել նոր մոտեցումներ` ամրապնդելով փոխշահավետ համագործակցությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ այն ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլեւ քաղաքակրթության եւ մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն է, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը՝ նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երեւույթ: «Բարձր ենք գնահատում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից այս տարի ընդունված «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւը, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում ԵԺԿ ունեցած ներդրումը»,- ասել է վարչապետը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրա խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ կարեւորագույն խնդիրներից մեկը մեր տարածաշրջանում: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլեւ արձանագրվել է լարվածության աճի միտում: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: «Հայաստանը եւ ԼՂ-ն մշտապես կողմ են եղել վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպիսիք են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարների հետ քաշումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, որոնց շարունակաբար խոչընդոտում է Ադրբեջանը` լիովին արհամարհելով ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններն ու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ահա թե ինչու մենք շարունակաբար հորդորում ենք միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին եւ նշել, որ փոփոխությունների նախագծով բարձրանում է խորհրդարանի եւ կառավարության դերը, էապես ավելանում են խորհրդարանական փոքրամասնության լիազորությունները, մեծանում է հասարակության դերակատարությունը պետական կառավարման գործում, ներդրվում են դատական իշխանության, դատավորի անկախությունն ապահովող եւ երաշխավորող նոր ինստիտուտներ: 

Այնուհետեւ վարչապետ Աբրահամյանը պատասխանել է եվրոպացի ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, տնտեսության զարգացման ռազմավարությանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, տարածաշրջանային խնդիրներին եւ այլն: Կառավարության ղեկավարը կարեւորել է երիտասարդների դերը երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում եւ նշել, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է նպաստել երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացմանը: Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն են հայտնել վարչապետին ջերմ ընդունելության եւ անմիջական երկխոսության համար: