Հայաստան-ԵՄ առեւտրի եւ ներդրումների մասով բանակցությունները նախատեսվում են 2016-ի սկզբին: Այս մասին նշվել է դեկտեմբերի 10-ին Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ Եվրոպական հանձնաժողովի անդամ, առեւտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հանդիպման ժամանակ:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարեւորել է Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը` հատկապես ընդգծելով նաեւ համաձայնագրի առեւտրին եւ ներդրումներին վերաբերող մասը:

Կարեն Ճշմարիտյանն իր խոսքում վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ՀՀ-ԵՄ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում եւ ուղղություններով զարգացնելու վերաբերյալ` հաշվի առնելով նաեւ մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում: Նա համոզվածություն է հայտնել առ այն, որ նոր համաձայնագիրը կամրագրի համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության ուղենիշերը: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ սկսած նախորդ տարվա նոյեմբերից, արդեն իսկ բավական աշխատանքներ իրականացվել են, արդյունքում կողմերը հնարավորինս հստակեցրել են առեւտրատնտեսական ապագա համագործակցության ուղղություններն ու շրջանակները: Նախարարը հավելել է, որ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ ունեցած երկկողմ բանակցային փորձն ու հմտությունները, հիմք են տալիս հավաստելու, որ առեւտրի եւ ներդրումների մասով բանակցություններում արագորեն կարող են հաջողություններ գրանցվել: 

ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմն իր հերթին տեղեկացրել է, որ առեւտրի եւ ներդրումների մասով բանակցություններն ակնկալվում է սկսել 2016 թվականի սկզբին, եւ արդեն իսկ աշխատանքներ են տարվում բանակցային փուլերի ժամկետների, բանակցային նախնական տեքստերի ճշգրտման ուղղությամբ:  

Անդրադառնալով ԵՄ «Արտոնությունների ընդլայնված եւ համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առեւտրային ռեժիմից Հայաստանի օգտվելուն` Կարեն Ճշմարիտյանը փաստել է, որ այն հանդիսանում է Հայաստանի տնտեսության արտահանման հատվածի կարեւոր բաղադրիչը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանը հաջողությամբ մասնակցում է «GSP+» ռեժիմի շրջանակում իրականացվող ամենամյա մոնիտորինգի գործընթացին՝ միջազգային 27 կոնվենցիաների մասով Հայաստանում իրականացվող աշխատանքների եւ ՀՀ պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ:

Եվրոպական կողմը տեղեկացրել է, որ 2016 թվականի փետրվարին սպասվում է «GSP+» ռեժիմից օգտվող երկրներում մոնիտորինգի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի զեկույցը:

Հայաստանին ԵՄ շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հայկական կողմից այդ կարգավիճակի ստացման գործընթացի վերաբերյալ պատրաստված ամբողջական փաթեթը ներկայացվել է եվրոպական կողմին եւ ակնկալվում է ԵՄ համապատասխան դիրքորոշումը:

Կարեն Ճշմարիտյանը ողջունել է Եվրոպական Հանձնաժողովի կողմից նոր ավիացիոն ռազմավարության փաթեթի ընդունումը` հույս հայտնելով, որ մոտ ապագայում կմեկներկեն նաեւ Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարը եվրոպացի գործընկերներին հրավիրել է մասնակցելու հաջորդ տարի Նյու-Յորքում Հայաստանի կողմից կազմակերպվող ներդումային գործարար համաժողովին, ինչը գոհունակությամբ ընդունվել է:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Եվրամիությունում  ՀՀ պատվիրակության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, Եվրամիությունում ՀՀ առեւտրական կցորդ Վարոս Սիմոնյանը: