Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գլխավոր դատախազությունը ստացել է 461 հաղորդում` խախտումների ու հանցագործության մասին, որոնցից 435-ով նախապատրաստվել են նյութեր, 12-ը ուղարկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ուսումնասիրության նպատակով, 14-ով հարուցվել է քրեական գործ, 189-ով կայացվել է քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում: Ստացված ահազանգերից 144-ը եղել են մարզերից, հարուցված քրեական գործերից 3-ը նունպես մարզերի ահազանգերի հիման վրա է եղել:

Այս մասին  այսօր` դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գլխավոր դատախազության Հատկապես կարեւոր գործերի վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«82 հաղորդում ստացվել է քաղաքացիներից, 55-ը` իրավապաշտպան կազմակերպություններից եւ ՀԿ-ներից, 30-ը` դիտորդներից եւ վստահված անձանցից եւ շուրջ 300-ը հավաքվել է դատախազության կողմից` տարբեր կայքերում հրապարակված նյութերի հիման վրա»,-ասաց գլխավոր դատախազության պաշտոնյան:

14 քրեական գործերից 5-ը կայացրել է Գլխավոր դատախազությունը, 3-ը` Հատուկ քննչական ծառայությունը, 6-ը` Քննչական կոմիտեն: Վահագն Մուրադյանը ներակայացրեց նաեւ  ստացված հաղորդումները` ըստ խախտման տեսակի դասակարգման:

«25 հաղորդում ստացվել է լցոնման դեպքերի մասին, 11-ը` քվեարկության դեպքերի խախտման, 13-ը` քվեարկության արդյունքների կեղծման, 13-ը հանձնաժողովի անդամի աշխատանքի խոչընդոտում, 17-ը` լրագրողի աշխատանքի խոչընդոտում, 59-ը` դիտորդի, 14-ը` վստահված անձի աշխատանքի խոչընդոտում, 1 բռնություն հանձնաժողովի անդամի նկատմամբ, 7 բռնություն քվեարկության գործընթացին մասնակցող անձի նկատամամբ, 2 չքվեարկած թերթիկ, 2 կնիքի կորուստ եւ նմանատիպ բնույթի 190  հաղորդում»,-ասաց Վահագն Մուրադյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշեց, որ շատ հաճախ հաղորդումները ստացվել են «աբստրակտ» բնույթի` առանց նշելու որեւէ իդենտիֆիակացման ենթակա հանգամանք` տարածք, վայր, անձ, ժամանակ, որը ստուգելու համար, նրա խոսքով, ժամանակ է անհրաժեշտ:

Միեւնույն ժամանակ գլխավոր դատախազը նշեց, որ տվյալները ներկայացվում  են այս պահի դրությամբ, եւ ամեն պահի պատկերը կարող է փոխվել, քանի որ Գլխավոր դատախազությունը շարունակում է ստանալ տարբեր հաղորդումներ, մյուս կողմից` ընթացքի մեջ է որոշումների ընդունումն արդեն ստացված հաղորդումների առնչությամբ: Կոստանյանը նաեւ ընդգծեց, որ 14 քրեական գործերը հարուցվել են այն պատճառով, որ եղել են հիմնավորող փաստեր: Նա նաեւ հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, հանցագործության մասին հաղորդումը ստանալուց հետո քրգործ հարուցելու կամ չհարուցելու մասին որոշում պետք է կայացվի տասնօրյա ժամկետում: