Անցնող տարում Ադրբեջանն անցավ բոլոր սահմանները լայնամասշտաբ պատերազմի ճանապարհին: Այդ մասին ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով  ղարաբաղյան  հակամարտության գոտում շարունակական լարվածությունը եւ Ադրբեջանի կողմից զենքի նորանոր տեսակների գործարկումը:  Հիշեցնենք, որ ի հավելումն    TR – 107-ի կիրառության, ադրբեջանական կողմը վերջերս տանկերից էր գնդակոծել ղարաբաղյան դիրքերը:  

«Նման պահվածքը պատերազմից հինգ պակաս է», - արձանագրել է Արկադի Գրիգորյանը` հավելելով, որ ադրբեջանական զինված ուժերը փաստացիորեն սպառել են սպառազինության բոլոր տեսակները, որ առկա են առաջավոր գծում:  «Սրանից այն կողմ այլեւս տեղ չկա: Եթե քաղաքական տեսանկյունից քայլեր չձեռնարկվեն, ասենք, բարձր մակարդակի հանդիպմանը առաջընթաց չարձանագրվի, այդ դեպքում միակ բանը, որը կարող է զսպել հավակնությունները, մնում է հայկական կողմի կանխարգելիչ հարվածը», - նշել է փորձագետը: «Պատմությունը սովորեցնում է, որ հակամարտությունները մոտավորապես հենց այդպես են զարգանում: Աճում են եւ ինչ-որ պահի վերածվում են լայնածավալ պատերազմի: Ոչ վաղ անցյալը դրա ապացույցն է`   2008-ի եւ 2014-ի հակամարտությունները (ռուս-վրացական պատերազմը եւ ուկրաինական ճգնաժամը  – խմբ.):

Միաժամանակ Արկադի Գրիգորյանը նշել է, որ ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի`   «խոշորամասշտաբ բլեֆ անելու» փորձերն են: «Երբ իշխանությունները խաբում են իրենք իրենց` ոչ թե ժողովրդին, այլ սեփական կառավարությանը, երբ չգիտեն, թե ինչպես դուրս պրծնեն սեփական ստի ցանցից, երբ սեփական հիմարությունը թաքցնելու համար նոր հիմարություն են անում, ստացվում է այն, ինչ կա:  Այլեւս ոչ ոք չի հավատում Ադրբեջանի  «հզորությանը», եւ առաջին հերթին` ադրբեջանցի ժողովուրդը:   Այն ագրեսիվ գործողությունների արդյունքները, որոնցով ադրբեջանական կողմը փորձում էր ազդել Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, ընդամենը ավելի ամրապնդեցին մեր Զինված ուժերի ինքնավստահությունը », - ընդգծել է Արկադի Գրիգորյանը:  Բաքուն իրեն կատաղած կամակոր երեխայի պես է պահում, որը հիստերիկայի մեջ է ընկել եւ չգիտե, թե ինչպես կանգ առնի` հուսալով, որ «մեծերը» իրեն կսփոփեն ու կկանգնեցնեն: 

Նրա խոսքով, փաստացիորեն երկու զուգահեռ իրականություն է ստեղծվել. Ադրբեջանը լարվածության աճ է սադրում, միաժամանակ հույս ունի, որ չի հասնի լուրջ պատերազմի:   «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ 2002-ից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը ռազմական բյուջեի կրճատում է արձանագրել: Այնինչ Բաքուն վերջին   10 տարվա ընթացքում անշեղորեն մեծացնում էր սպառազինությունների մրցավազքը` պարծենալով իր ռազմական բյուջեով: Միաժամանակ նավթն էժանանում է, իսկ Ադրբեջանը տարեցտարի կրճատում է արդյունահանումը», - նշել է Արկադի Գրիգորյանը:

«Իրավիճակի հիմնական վտանգն այն է, որ Ադրբեջանի նման աճպարարական հնարքները կարող են հանգեցնել նրան, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա», -ամփոփել է ռազմական փորձագետը: