ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մերժելի է համարում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը շեղվել է ճիշտ ուղուց եւ այլեւս ժողովրդին չի սատարում:
«Նախ ինչ-որ մեկը, երբ Դաշնակցությանը նման գնահատական է տալիս, առնվազն պետք է դաշնակցական լինի: Իհարկե, ընդունելի կարելի է լինել ցանկացած քաղաքացու խոսքը որպես խոսքի ազատության իրավունքի դրսեւորում, բայց յուրաքանչյուրը պետք է գոնե իրեն իրավունք վերապահի եւ այդ պատասխանատվությունը զգա, երբ որ խոսվում է 125-ամյա քաղաքական ուժի մասին: Ինչքան էլ հարգեմ Րաֆֆի Հովհաննիսյանին, մերժելի է իր կողմից նման գնահատականը, դա նույն է, որ ես սկսեմ «Ժառանգությանը» գնահատականներ տալ, այդ թվում՝ նաեւ իր ու իր կուսակից ընկերների պահվածքի, «Ժառանգությունից» հեռանալու եւ այլնի մասին, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի նման բան ասել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավորը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» իր գոյության 125 տարիների ընթացքում երբեք չի շեղվել իր որդեգրած հայապահպանության եւ պետականության կերտման գործընթացից:
«Մենք, մեր առջեւ ունենալով հիմնարար խնդիրներ, առաջ ենք շարժվել եւ շարժվելու ենք, իսկ մնացածը անցողիկ են, ընթացիկ են, այդ թվում նաեւ ցանկացած ֆիզիկական անձ, ինչքան էլ տաղանդավոր ու հեղինակավոր լինի: Էդ բոլոր անձինք ի վերջո պատասխան են տալիս պատմության դատաստանի առաջ, բայց եթե «Դաշնակցությունը» 125 տարի կա ու դեռ շարունակում է լինել, նշանակում է ինքը ունի կենսարար հեղուկ, եւ այդ հեղուկն է միշտ օգտագործվում, իսկ այդ հեղուկը հայի ինքնությունը պաշտպանող ու առաջ մղող հեղուկն է: Հետեւաբար ես կոչ կանեմ բոլորին, ովքեր Հայաստանը իրենց համար համարում են որպես հայրենիք, սրբազան վայր եւ մտահոգված են հայոց ապագայով, մի պահ կանգ առնել, հասկանալ, որ չի կարելի թշնամի որոնել քո ազգակցի մեջ, պետք է առաջ շարժվել եւ առաջ շարժվելու ընթացքում առաջնորդվել հայի հիմնարար արժեքներով»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքներին, թե իրենք սատարել են «Այո»-ի շտաբին՝ մոռանալով ժողովրդի մասին, նշեց, որ «Հայ Հեղափոխական Դաշնակցության» հասցեին 125 տարի է՝ մեղադրանքներ են հնչում, սակայն մեղադրողներն անցնում-գնում են, իսկ «Դաշնակցությունը» եղել է, կա ու կլինի:
«Այդ մեղադրանքները 125 տարի հնչում են, բայց բոլոր այդ մեղադրողները չկան, իսկ «Դաշնակցությունը» կա, նույն էլ հիմա է լինելու: Մենք գիտենք՝ ինչ ենք անում, մենք վստահ ենք, որ այն ինչ որ մենք արել ենք, եւ անում ենք, մեր ժողովրդի հեռանկարի պատմության համար է պետք, եւ չենք ընկնում այսրոպեական ինչ-որ բախտախնդիր մարդկանց հետեւից»,-ասաց Արմեն Ռուստամյանը:




























