Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց զինծառայողի հայրը՝ Իշխան Խաչատրյանը:
Զինծառայողն արդեն մի քանի օր բուժում էր ստանում Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոնում, քանի որ նեղ մասնագիտական բուժում ստանալու կարիք ուներ: Այսօր արդեն նրան տեղափոխել են հոսպիտալ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունը անպատասխան չի մնալու եւ ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:



























