«Հեպատիտ Ց»-ի գործով արդեն ցուցմունք են տվել բոլոր 14 տուժողները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով ամբաստանյալ, հիվանդանոցի փոխտնօրեն Վիրաբ Մանասյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը:

«Դատաքննությունը նորմալ հունով ընթանում է, բոլոր տուժողները ցուցմունք են տվել: Հունվարի 13-ին կշարունակենք դատաքննությունը»,- ասաց Գագիկ Խաչիկյանը:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հույս ունեն, որ արդար դատավարություն կլինի:

Նշենք, որ այս գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Նապոլեոն Օհանյանը: Դատական առաջին նիստը կայացել է դեկտեմբերի 3-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր  Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

5 բուժաշխատողներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: