Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Այս մասին, դեկտեմբերի 11-ին, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում:

Շարմազանովն իր ելույթում , մասնավորապես, ասել է.

«Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման ամուր կետը, որպեսզի հանդիսանա ինքն իր ճակատագրի դարբինը:

Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակը հնարավոր եղավ մեր ազգի միասնական ուժերի համախմբման արդյունքում, որտեղ անուրանալի էր Սփյուռքի մեր եղբայրների դերը: Այսօր էլ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ մերժել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Ցավոք, վերջին օրերին մենք ունեցանք անդառնալի կորուստներ. հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհվեց երկու զինծառայող: Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Այդ երկիրն այդպես էլ անցյալից դասեր չքաղեց. Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 90-ականներին հոխորտում էր, որ հակամարտությունը կլուծի ռազմական ճանապարհով` սպառնալով գրավել Սեւանը: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ զարգացան. ադրբեջանցիները ստիպված եղան հայերից զինադադար աղերսել:

Մենք Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք եւ, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, վերահաստատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք պետք է սատար լինենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը»:

Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, թեմական խորհրդի եւ հայ կենտրոնի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, արգենտինահայ համայնքի մի շարք հաստատությունների, կազմակերպությունների, կուսակցությունների եւ միությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով: