Աշխարհը պետք է դատապարտի ցեղասպան ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Այս մասին, դեկտեմբերի 11-ին, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում:
Շարմազանովն իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես, ասել է.
«Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները նոր սկիզբ են հանդիսանալու Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ ժխտողականության դեմ պայքարում: Մենք շնորհակալ ենք բարեկամ Արգենտինային, որ ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Մարդկային հասարակության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաեւ պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»:
Հարգելիներս,
Թույլ տվեք եւս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ բոլորիդ Հայրենիքի հետ կապը պահելու, Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ բարեկամության կամուրջ լինելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում ձեր անուրանալի ավանդի համար: Հպարտ եմ, որ այստեղ՝ Բուենոս Այրեսում, հանդիպելով ձեզ՝ ներշնչվեցի ձեզանով եւ հերթական անգամ համոզվեցի, որ հայն անկոտրում է իր ոգով՝ թեկուզեւ ապրելով օվկիանոսից այն կողմ: Ինչպես կասեր մեծն Գարեգին Նժդեհը, լինենք ուժեղ, էլի ուժեղ եւ միշտ ուժեղ»:




























