Վանաձորում ձյան առատ տեղումների հետեւանքով սառցակալած փողոցները կսկսեն մաքրել միայն ութ օր անց, երբ արդեն 57 մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեկտեմբերի 11–ին կայացած ավագանու արտահերթ նիստին քաղաքապետ Սամբվել Դարբինյանը հրահանգել է սեւ ավազ շաղ տալ փողոցներում։ Որոշմանը նախորդել է թեժ քննարկում։

«Լրատվամիջոցները մեր քաղաքի սառցակալած խայտառակ վիճակի մասին գրում են ու արձագանք չկա… Հնարավոր չէ՞ր մի երկու միլիոն տալ այդ ձեռնարկությանը… 57 մարդ վնասվածք է ստացել: Ո՞վ է պատասխանատու լինելու դրա համար, նունիսկ քաղաքապետարանի դեմը մաքրած չէ: Եթե գումարը քիչ է, եկեք էլի գումար ավելացնենք: Ամբողջ հանրապետությունում քննարկման թեմա ենք դարձել: Ու մաքրություն չի էլ լինում էսքան խոսակցություններից հետո, գոնե ձևական չեն անում»,- ասել է ավագանու անդամ Արմեն Մատինյանը:

Ավագանու անդամին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի արձագանքն այսպիսին էր. «Դա նրանից ա, որ քաղաքապետը ամսի 30-ից արձակուրդում ա»:

Պարզվեց` քաղաքապետը դեռ օրեր առաջ է հանձնարարել քաղաքի փողոցներում ու մայթերում կատարել ոչ միայն աղատրման, այլև սև ավազի ցանման աշխատանքներ: Պատասխանատուների արդարացմանը, թե՝ մաքուր աղ ենք տվել, չի հալում, սև ավազն ի՞նչ պետք է անի, քաղաքապետի արձագանքը կտրուկ էր.

«Մաքուր աղի հալել-չհալելը չգիտեմ, բայց որ սև ավազը մայթով տալիս ես, ավազն արդեն սառույցի վրա բռնում ա: Եթե ձեր խելքը չի հասնում, գոնե կարողացեք կատարել: Հենց հիմա գնում եք, բերում ու մայթերը սև ավազով ծածկում: Այդ ժամանակ էլ սայթաքումներ չեն լինի»։