Վանաձորի տնակային ավաններից մեկում ցրտահարված 4-ամյա Մարինեի վիճակը գնալով բարելավվում է: Վերջինս շարունակում է մնալ Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկների ուշադրության կենտրոնում:
Աղջնակի ճակատագիրը հուզել է հազարավոր ընթերցողների, որոնք աղջնակին ու նրա ընտանիքին աջակցելու ցանկություն են հայտնում` խնդրելով ընտանիքի վիճակի մասին մանրամասներ տրամադրել:
Մարինեն ու նրա եղբայրը ապրում են տատիկի հետ վագոն–տնակում։ Ընտանիքը ունի մեկ սենյականոց բնակարան, որը, սակայն, բնակության համար պիտանի չէ: Այն գազաֆիկացված չէ, չունի էլեկտրամատակարարում, բնակարանում բացակայում են մանրահատակը, պատուհանները, դռները: Այդտեղ հնարավոր կլինի ապրել միայն վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց հետո, որի հնարավորությունը ինչպես տատիկն է նշում, ընտանիքը չունի:
Վագոն–տնակը, որտեղ նրանք այժմ ապրում են, այնպիսի անմխիթար վիճակում է, որ նույնիսկ երբեմն տաքացվելու դեպքում փոքրիկ աղջկա ոտքերը ցրտահարվել էին։ Վանաձորի քաղաքապետարանից NEWS.am–ին տեղեկացրին, որ շուրջ երկու շաբաթ առաջ այս ընտանիքին որպես աջակցություն տրամադրվել է երկու խորանարդ մետր փայտ: Քաղաքապետարանից խոստացան՝ առաջիկայում տրամադրել ևս երեք խորանարդ:
Աղջնակի ծնողները որոշ ժամանակով մեկնել էին Ռուսաստանի Դաշնություն աշխատելու: Այսօր մենք տեղեկացանք, որ Վանաձոր է վերադառնում փոքրիկի մայրիկը՝ նորածին երեխայի հետ:
NEWS.am–ի հրապարակումից հետո մեծ թվով մարդիկ ընտանիքին օգնելու ցանկություն են հայտնել։ Եթե օժանդակությունը բավարար լինի, ընտանիքը կկարողանա վերանորոգել իրենց բնակարանը ու տեղափոխվել այնտեղ։




























