«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընդդիմադիր է եւ համաձայն չէ ՀՀ գործող իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականության հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդի նորընտիր նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այն, որ կուսակցությունն ընդդիմադիր է, դասական քաղաքականության կանոն է։ Մեր տեսանյութերով հայտարարել ենք, որ ընդդիմադիր քաղաքական միավորում ենք եւ համաձայն չենք իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության հետ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է կուսակցության դրամական միջոցներին, Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ մասին բազմիցս խոսվել է եւ իրենք հատուկ տեսանյութերով այդ մասին հրապարակել են։

«Ձեզ ոչ հայտնի մարդիկ են, չկա նման անուն, օլիգարխ կամ իշխանության ներկայացուցիչ, որը մեզ աջակցում է»,- նշեց ԱԺ պատգամավորը։

Լրագրողների դիտարկմանը, թե ստեղծվել է ընդդիմադիր կուսակցություն, որի անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում են. «Մենք լսում ենք իշխանությունների խոսքերը, սակայն մենք նրանց հետ որեւէ առնչություն չունենք։ Օրինակ, մենք կառուցողական որեւէ բան չունենք կոռուպցիայի դեմ պայքարում»։

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։