Արագածոտնի մարզում դեկտեմբերի 4-ին Միրաքի գյուղապետի մանսկացությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված կնոջ վիճակը ծանր է, նա նորից վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Միրաքի գյուղապետ Ալիկ Նամոյանը, որի հարսն է տուժած կինը:
«Եղբորս հետ «Զվարթնոց» օդանավակայան էինք գնում՝ հարսիս ճանապարհելու, ճանապարհին վթար տեղի ունեցավ: Վթարի պատճառը ձյունն էր»,- ասաց գյուղապետը՝ հերքելով տեղեկությունները, թե ինքը գերազանցել է արագությունը,- «Ես ո՞նց կարող էի արագությունը գերազանցել, եթե 20 մետր հեռավորության վրա կամերա կար ու ես անհնար է արագությունը գերազանցած լինեմ»:
Գյուղապետի խոսքով՝ ինքը նույնպես վնասվածքներ է ստացել, սակայն բուժումը տանն է շարունակում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 4-ին ժամը 12:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Միրաք համայնքի ղեկավար Ալիկ Նամոյանն իր վարած ավտոմեքենայով Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետեւանքով Նամոյանն ու մեքենայի երկու ուղեւորները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:



























