«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախագծով խստացվում են ոչ սթափ վիճակում մեքենան վարած վարորդների նկատմամբ տույժերը, նրանց կարող է սպառնալ անգամ ազատազրկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Խստացրել ենք, որովհետեւ վիճակագրական տվյալները վկայում են, որ կա բացասական դինամիկա: Այս տարվա 11 ամիսների ընթացքում խմածության պատճառով առաջացած մահվան ելքով վթարների թիվը աճել է»,- ասաց նախարարը:
Ըստ օրինագծի՝ եթե նախկինում վարորդները ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար տուգանվում էին 100 հազար դրամով, այսուհետ կտուգանվեն 200 հազարով, 200 հազար դրամով նախկինում տուգանվելու դեպքում՝ 250 հազարով: Եթե վարորդը 2 անգամ տուգանվում է ոչ սթափ վիճակում վարելու համար, նախկինի պես նա զրկվում է վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով: Ըստ նոր օրինագծի՝ եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը շարունակում է մեքենան վարել, նրան սպառնում է ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով:




























