Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի տնօրինությունը պնդում է, որ պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը իր որոշմամբ է ազատվել աշխատանքից, ոչ թե նրան ազատել են քաղաքացիական ակտիվության համար:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրենը, որը հրաժարվեց ներկայանալ:

Խմբագրություն դիմած մի խումբ աշակերտներ ասել էին, որ այսօր ի պաշտպանություն Կարպիս Փաշոյանի բողոքի ակցիա են անելու դպրոցի բակում, սակայն անհայտ պատճառներով ակցիան տեղի չունեցավ։ NEWS.am–ի նկարահանող խմբին թույլ չտվեցին մտնել դպրոց` տնօրենից պարզաբանում ստանալու։ Փոխտնօրենը վստահեցրեց, որ Փաշոյանի դասարանի աշակերտները այդ պահին հանգիստ նստած դասասենյակում դաս են անում։

Հիշեցնենք, որ պատմության ուսուցիչը հայտարարել էր, որ իրեն ազատել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Կոնդում տեղակայված 9/22 ընտրատեղամասում թույլ չի տվել, որ կեղծիքներ տեղի ունենան: