Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը բացարձակապես ոչինչ չի տա։ Այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ նախկին փոխարտգործնախարար. Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ ընդամենը հնարավոր է, որ հակամարտության գոտուց դուրս բերվի ծանր տեխնիկան։

Անդրադառնալով ռուս-թուրքական լարված հարաբերություններին՝ նա նշել է, որ ռուս-թուրքական պատերազմ իհարկե չի լինի։ «Սակայն երկու երկրների միջեւ հարաբերություններն անկասկած կանդրադառնա տարածաշրջանային իրադարձությունների վրա։ Ռուսաստանը Թուրքիայի դեմ կօգտագործի քրդական գործոնը»,- նշել է Արման Նավասարդյանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Ղարաբաղի խնդրին ռուս-թուրքական լարված հարաբերությունների ազդեցությանը՝ նա ընդգծել է, որ ոչ մի գերտերություն չի աջակցում տարածաշրջանում Թուրքիայի ռազմականացմանը։ «Այնպես որ Թուրքիան ի վիճակի չի լինի պաշտպանել Ադրբեջանին, եւ կարծում եմ, որ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն լինելու»,- եզրափակել է Նավասարդյանը։