Իրաքի հյուսիսում տեղակայված Թուրքիայի Զինված ուժերի խմբավորումների մի մասը դուրս է բերվել Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայված ճամբարներից։ Այս մասին հայտնում է Իրաքի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈւ անանուն ռազմական աղբյուրները։ Աղբյուրի տեղեկություններով՝ ուժերը դուրս են բերվել ձեռք բերված նոր համաձայնության շրջանակներում։

«Ադ Դիյար» կայքի փոխանցմամբ՝ զինված ուժերը տեղաշարժվում են հյուսիս՝ Դոհուք քաղաքի ուղղությամբ՝ շրջափակման մեջ առնելով քրդական Փեշմերգայի ուժերը։

Հիշեցնենք, որ Իրաքը Թուրքիային մեղադրել էր իր ինքնիշխանությունը ոտնահարելու եւ իր պետության տարածքում զինված ուժեր տեղակայելու մեջ։ Բաղդադն իր ինքնիշխանության ոտնահարման կապակցությամբ արդեն դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին եւ Արաբական պետությունների լիգային։