Հայաստանի պատմության թանգարանն առաջիկա օրերին կքննարկի օնլայն աճուրդի հանված Կիլիկիո արքա Լեւոն Առաջինի (1198-1219թթ.) գահակալության ժամանակաշրջանին պատկանող հայկական ծայրաստիճան հազվագյուտ ոսկյա մետաղադրամը ձեռք բերելու հարցը:
«Երեքշաբթի օրը մեր դրամագիտության բաժնի հետ կքննարկենք՝ հասկանալու համար, թե այդ գինն իրական է, թե ոչ, այնուհետեւ որոշում կկայացնենք: Իհարկե, այդ մետաղադրամը մեզ մոտ պահելը ցանկալի է, սակայն կախված է հնարավորություններից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:
Նշենք, որ մետաղադրամն աճուրդի է հանել Cngcoins.com կայքը: Մետաղադրամի տրամագիծը 19.5 միլիմետր է, քաշը՝ 2.46 գրամ: Մետաղադրամի մի կողմում պատկերված է Լեւոն Առաջինը՝ առյուծի գահին բազմած, ձախ ձեռքին՝ ջրաշուշան, իսկ աջին՝ խաչ: Մետաղադրամի հակառակ կողմում հետեւի թաթերի վրա կանգնած երկու առյուծներ են՝ կաթողիկոսի խաչով:
Աճուրդի դրված մետաղադրամը ներկայացվել է Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուից»: Լոտի մեկնարկային գինը 50 000 դոլար է: Կիլիկյան մետաղադրամի նոր սեփականատերը հայտնի կդառնա 2016 թ. հունվարի սկզբին:




























