Ըստ էության սահմանին թաքնված ձեւով պատերազմ է, որի դեմն առնելու միակ միջոցը մեր զինուժն է, պաշտպանունակությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությանը:
«Ես հուսով եմ, որ այս լարվածությունը պետք է սթափեցնի Ադրբեջանին այն տրամաբանությամբ, որ մեկին տասը կորուստներ են ունենալու: Այս վստահությունը պետք է դիվանագիտական հանդիպումների միջոցներով փոխանցենք նրանց, որ այս ձեւով ամեն ինչ ձախողվում է, եւ այսօր խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին, թերեւս անիմաստ է»,-ասաց Ռուստամյանը:
Նա չբացառեց, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունների համատեքստում հենց Թուրքիան է հրահրում ասիմետրիկ գործողություններ՝ այդպիսով շեղելով միջազգային հանրության ուշադրությունն իր խնդրից: «Չեմ բացառում, սա իմ կարծիքն է, որ այս լարվածությունը նաեւ Թուրքիայի կողմից հրահրված ասիմետրիկ գործողություններ են, որը փորձում է ուշադրությունը շեղել: Ռուս-թուրքական լարված հարաբերությունները զգաստացրել են Թուրքիային, եւ չեմ բացառում՝ Թուրքիան ասիմետրիկ գործողություններով շեղի ուշադրությունը»,-նշեց Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ այս լարվածությունը կապված է նաեւ նրա հետ, որ միջազգային հանրության թեթեւ ձեռքով հակահայկական բանաձեւեր են ընդունվում: «Այն պրոցեսը, որ պետք է խաղաղ կարգավորում ենթադրեր եւ այն կազմակերպությունները, որ պիտի խաղաղ կարգավորման պրոցեսում ընդգրկված լինեին, հակառակ պրոցեսն է գնում: Եվրախորհրդում ընդունած բանաձեւերը էսկալացիա են առաջացնում սահմանների վրա, որովհետեւ Ադրբեջանին ավելի սանձարձակ են դարձնում: Եթե հասել ենք նրան, որ մի փաստաթուղթ է հրապարակվել, որ Ադրբեջանը կարողացավ Եվրոպայի խորհրդին դարձնել գործիք հայկական արշավի մեջ, դա պիտի սթափեցնի բոլորին»,-ասաց Ռուստամյանը: Նա շեշտեց, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը ուժի չկիրառումն է, պատերազմից խուսափելը:




























