Երեւանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցի՝ պատմության նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ «Ոչ»-ի ճակատի կազմում ակտիվ գործունեություն է ծավալել: NEWS.am-ի հետ զրույցում Կարպիս Փաշոյանը ասաց, որ նախքան ազատելը նրան մի քանի անգամ տնօրենը զգուշացրել է դուրս գալ «Ոչ»-ի ճակատից:
«Իմ նկատմամբ տնօրինության վերաբերմունքը փոխվեց, երբ ինձ բերման ենթարկեցին «Ոչ»-ի գրաֆիտիներ անելու համար: Իսկ մեկ ամիս առաջ էլ, երբ Բարեկամության կամրջի վրա «Ոչ»-ի պաստառ էի փակցրել ընկերներիս հետ, դրա համար տնօրենն ինձ կանչեց, ասաց՝ դադարեցնեմ պայքարը, ֆեյսբուքյան էջը, գրառումները ջնջեմ, կամ դուրս գամ աշխատանքից, կամ «Ոչ»-ը, կամ աշխատանքը: Ես էլ ասացի, որ չեմ հրաժարվելու»,- պատմեց Կարպիս Փաշոյանը:
Կարպիս Փաշոյանը պատմեց, որ իրեն աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ընտրատեղամասերից մեկում թույլ չի տվել, որ կեղծիքներ տեղի ունենան. «Նախքան այդ ուշացումներ լինում էին, տնօրենը ոչինչ չէր ասում, որովհետեւ դրանք դասապրոցեսին չէին խանգարում: Իսկ դրանից հետո ուշացումս դիտարկեցին որպես պատճառ ու տնօրենն ասաց, որ այլեւս չի ցանկանում իր կոլեկտիվում տեսնել ինձ: Ես էլ հոգնել էի էդ խոսակցությունից, էդ ամեն ինչից, դիմում գրեցի ու հեռացա»:
Կարպիս Փաշոյանը նշեց, որ եթե առաջարկ լինի, հանուն աշակերտների պատրաստ է վերադառնալ աշխատանքի: Նրա խոսքով՝ աշակերտներն այսօր դպրոցի շենքի ներսում ակցիա են արել իր լուսանկարներն են փակցրել շենքի պատերին: Նա ասաց նաեւ, որ աշակերտները որոշել էին ակցիան կազմակերպել դպրոցի բակում, սակայն ուսուցիչները թույլ չէին տվել:




























