Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի ու հակամրցակցային միջավայրի դեմ պայքարի հարցերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը եւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը։
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ դեսպանի խնդրանքով Վահրամ Շահինյանը ներկայացրել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները՝ նշելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ եւ գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երկրի միակ նախաքննական մարմինն է, որը ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կամ հանցակցությամբ նրանց կատարած բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ միջազգային հանրությանն առավելապես մտահոգող կոռուպցիոն եւ կազմակերպված հանցավորության, ինչպես նաեւ խոշտանգումների հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն:
- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշակի գործառույթներ ունի նաեւ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության ոլորտում,- ընդգծել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ իրավական համագործակցության կազմակերպման եւ քննության մեթոդիկայի կատարելագործման միջազգային փորձի ուսումնասիրման, քննիչների վերապատրաստման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի ու հակամրցակցային միջավայրի դեմ պայքարի հարցերում՝ ապահովելու խաղի հավասար պայմաններ եւ խրախուսելու օտարերկրյա ներդրումները»:



























