2016-ին հարկերի հավաքման կանխատեսված մակարդակը ստիպում է մտահոգվել, որ հանրապետության տնտեսությունը բավարար շահութաբերություն չունի: Այդ մասին դեկտեմբերի  14-ին Հայաստանի խորհրդարանում ասել է «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր,  խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: 

Այսպես, եթե 2015-ին ԱԱՀ-ի հավաքման պլանը նախատեսում էր 450 մլրդ դրամի հարկային եկամուտ, ապա  2016-ինը` 423 մլրդի (  բյուջեում  արձանագրված փոխարժեքով 891 մլն դոլար -խմբ):

Շահութահարկից ստացվելիք  գումարը 129,9-ից կնվազի մինչեւ 107,4 մլրդ դրամ: Հարկի միջին հաշվեկշռված դրույքը  11,1 տոկոսից նվազել է մինչեւ 7,2 տոկոս (հարկի դրույքը նույնն է, սակայն եթե ձեռնարկությունը վնասով է աշխատում, հարկ չի վճարում, դրա համար էլ միջին դրույքը կայուն չէ - խմբ): «Նշանակում է, տնտեսությունը փոքր շահութաբերություն ունի կամ ընդհանրապես չունի», - ասել է Մելքումյանը:

Մաքսատուրքի աճ է նախատեսված` մինչեւ 67,1 մլրդ ներկայիս 53,5-ի դիմաց, որի պատճառը Եվրասիական միության «ընդհանուր կաթսայում» մաքսատուրքի աճն է, որոնցից Հայաստանին ֆիքսված  1,13 տոկոս կհասնի:

Կնվազեն նաեւ արտոնագրերի վճարները, որոնք նախատեսված են փոքր եւ միջին բիզնեսի մի շարք ոլորտների համար`   25,6-ից հասնելով 19,3 մլն դրամի:

Եվ միայն եկամտահարկի  աճ է նախատեսված`   291,9-ից մինչեւ 319,6 մլրդ դրամ: Սակայն շատ առումներով դա պայմանավորված կլինի 2015-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի աճով ու միաժամանակ աշխատավարձերի ընդհանուր աճով: 

Հիշեցնենք, 2016-ի բյուջեում հարկային ընդհանուր մուտքերի ակնկալվող գումարը կկազմի  1 տրլն  129 մլրդ դրամ (նոյեմբերի 2-ին բյուջեում արձանագրված փոխարժեքով` 2,38 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 20,74 տոկոսը: