Հայկական կոնյակ արտադրողներին ավելի վաղ ներկայացված նոր պահանջներ չեն առաջադրի: Այս մասին դեկտեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ ներկայացնելով «Խաղողի հումքով պատրաստվող ալկոհոլային խմիչքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Եթե գործող օրենսդրության համաձայն, մինչեւ 2017 թվականը հայկական կոնյակ արտադրողները պարտավոր են անդադար գործողության մամլիչները փոխարինել օդամղիչ մամլիչով, ապա փոփոխությունները մամլիչի ընտրությունը թողնում են արտադրողի հայեցողությանը:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մամլիչի տեսակից պատրաստի արտադրանքի առանձնահատկությունը կախված չէ»,- հայտարարել է Մակարյանը:



























