Ադրբեջանի նախագահի նախկին փեսան, Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովը «Ռուսական մեդիախմբի» (ՌՄԽ) համասեփականատեր եւ նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Կոժեւնիկովի հետ «Քո տունը» հեռուստաալիքը կթողարկեն վերանորոգման, շինարարության, հարդարման նյութերի եւ նախագծման մասին:
«Կոմերսանտ» թերթի տվյալների համաձայն, Կոժեւնիկովը, որը զբաղվում է հեռուստաալիքի կոնցեպտի մշակմամբ, հաստատել է դրա ստեղծումը: Նա նշել է, որ հեռուստաալիքը ամենայն հավանականությամբ Crocus խմբի մաս կկազմի: Աղալարովի ներկայացուցիչը մեկնաբանություններից հրաժարվել է:
Ռոսկոմնադզորի ռեեստրի տվյալների համաձայն, սեպտեմբերին Աղալարովի մեկ ուրիշ կառույց` «ԱրտԳրանտը» լրատվամիջոցի վկայականներ է ստացել «Քո տունը» եւ «Հիթ ԹՎ. Երաժշտական հեռուստաալիք» հեռուստաալիքների համար: «ԱրտԳրանտը» արդեն դիմում է ներկայացրել հեռարձակման արտոնագիր ստանալու համար, գործընկերները հույս ունեն հունվարին ստանալ փաստաթղթերը:
«Քո տունը» կհեռարձակվի արբայակային եւ կաբելային ցանցերով, իսկ «Հիթ ԹՎ»-ն ենթադրաբար նրա համար բովանդակություն կստեղծի: Կոժեւնիկովը ճշտել է, որ իրենք երաժշտական հեռուստաալիք չեն թողարկի, որովհետեւ այդ սեգմենտն արդեն գերհագեցած է:



























