Աֆղանստանում կործանված մոլոդովական Մի-17 ուղղաթիռի օդաչուներից մեկը սպանվել է թալիբների կողմից գնդակոծության ընթացքում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի պետական ադմինիստրացիայից:
«55-ամյա օդաչու Օլեգ Գրոզայի մահվան պատճառը կրծքի հատվածում հրազենային չորս վնասվածքն էր: Գնդակները նրան խոցել էին թալիբների կողմից գետնից ուղղաթիռի գնդակոծման ժամանակ: Հենց այդ պատճառով ուղղաթիռը հարկադրական վայրէջք է կատարել», - պատմել են վարչությունից: Տեսչությունից նաեւ ճշտել են, որ օդաչուի մարմինը փոխանցվել է Աֆղանստանի գերմանական հիվանդանոցին, որտեղ այն ճանաչել են Valan International Cargo Charter ընկերության ներկայացուցիչները, որին պատկանել է կործանված ուղղաթիռը: Զոհված օդաչուին շուտով Մոլդովա կհասցնեն, որտեղ նրան կհուղարկավորեն:
Քաղաքացիական ավիացիայի պետական ադմինիստրացիայի հաղորդագրությունը հերքել է Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Բրեգի հայտարարությունը, որով վերջինս անցյալ շաբաթ լրագրողներին հայտնել էր, թե «անձնակազմի բոլոր անդամները` երկու օդաչուն եւ ղեկապետը գերի են ընկել, իսկ Աֆղանստանի իրավապահ մարմինները բոլոր միջոցները ձեռք են առել նրանց ազատման համար»: Ավելի վաղ Մոլդովայի կառավարությունը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը օդաչուների ազատման վերաբերյալ բանակցություններին «պատանդներին չվնասելու մտահոգությունից ելնելով»:
Մոլդովական ուղղաթիռը, որն Աֆղանստանում աշխատում էր ԱՄՆ-ի կառավարության հետ պայմանագրով, գնդակոծության էր ենթարկվել նոյեմբերի 24-ին թալիբների կողմից վերահսկվող Ֆարյաբ նահանգում: Դրանից հետո անձնակազմը տագնապի ահազանգ էր ուղարկել եւ հարկադիր վայրէջք էր կատարել: Ուղղաթիռում 21 մարդ կար` 18 ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ` մոլդովացիներ Օլեգ Գրոզան, Իոն Բուրույանեն եւ Միխայիլ Կրիխանը:
Դեպքի վայր հասած աֆղանական հատուկ ծառայությունները հայտնաբերել են չորս մարդու դիակ: Մյուսները գերի էին ընկել «Թալիբան» շարժման գրոհայիններին, որոնք մի օր հետո արդեն համացանցում պատանդների վերաբերյալ տեսանյութ էին տեղադրել:



























