ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվայում Արբատով զբոսնելիս 35 հազար ռուբլու հուշանվերներ է գնել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հուշանվերների խանութի վաճառողներին, որոնցից գնումներ է կատարել ԱՄՆ պետքարտուղարը:
«Մեզ ոչ ոք չէր զգուշացրել: Ամեն բան շատ հանպատրաստից տեղի ունեցավ: Հանկարծ խանութ մտավ Ջոն Քերրիի ղեկավարած պատվիրակությունը: Նա երկար ուսումնասիրում էր մեր տեսականին»,- ասել են գործակալության զրուցակիցները:
Նրանք նշել են, որ Քերրին գնել է մատրյոշկա, ռուսական ազգային տարազներով լաթե տիկնիկներ: Քերրին գնել է 3 հատ նման տիկնիկ՝ յուրաքանչյուրը 1700 ռուբլի արժողությամբ: «Նա պարզաբանել է, որ դրանք նվերներ են: Ամենաթանկը 2 սաթե մատանիներն էին, որոնցից յուրաքանչյուրն արժի 10 հազար ռուբլի»,- ասել է խանութի վաճառողը:
Ջոն Քերրին Արբատով զբոսանքի էր դուրս եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:





























