Երեւանի Բաշինջաղյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավազակային հարձակում կատարելու պահին վնասազերծված ու հիվանդանոցում մահացած 39-ամյա Գեւորգ Սարգսյանի հարազատների եւ հարեւանների համար անհավատալի է, որ մահացածը կարող էր նման քայլի դիմել:
«Էս թաղում բոլորն էլ Գեւորգին գիտեն, խելոք, կարգին մարդ էր, ապշած ենք: Իր համար առավոտյան գնում էր գործի, երեկոյան գալիս, նորմալ ապրում էին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի հարեւաններից մեկը՝ չցանկանալով նշել իր անունը:
Հարեւանների խոսքով՝ Գեւորգ Սարգսյանը նախկինում բենզալցակայանի սեփականատեր է եղել, սակայն երեք տարի առաջ չմարված վարկի պատճառով բանկն այն վաճառել է։ Բենզալցակայանը կորցնելուց հետո Գեւորգ Սարգսյանը սկսել է ավտոպահեստամասերի վաճառքով եւ ավտովերանորոգմամբ զբաղվել:
Հարեւաններից մեկը, սակայն, ենթադրում է, որ Գեւորգ Սարգսյանը պարտքեր է ունեցել, ինչի համար էլ ստիպված է եղել դիմել ավազակային հարձակման եւ ընտրել է մի տուն, որտեղից վստահ է եղել, որ «փող կտանի»:
«Դե, ով չգիտի, որ «Շանթի Յուրան» ինչ փողեր ունի, ինքն էլ երեւի պարտքեր ա ունեցել, մտել ա»,-ասաց հարեւաններից մեկը:
NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Սարգսյանի եղբոր կինը նշեց, որ դեպքի մասին տեղեկացել են համացանցից, սկզբում չեն հավատացել, հետո լուսանկարները տեսնելով՝ համոզվել են:
Ըստ կնոջ՝ Գեւորգ Սարգսյանը խնդիրներ չի ունեցել, եւ անհասկանալի է, թե ինչու է նման քայլի դիմել:
Նա, ըստ հարեւանների, քրեական անցյալ չունի: Գեւորգ Սարգսյանն ամուսնացած է ունի երկու մանկահասակ երեխա:
Նախնական տեղեկություններով՝ավազակային հարձակում կատարելու պահին տանը եղել են «Շանթի Յուրա» անունով հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի կինը եւ զոքանչը։ Տանը եղել են նաեւ մանկահասակ երեխաներ։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ տանը գտնվող անձանցից ով է դանակով հարվածել հարձակում կատարողին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 2 կին: Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանտիրուհին. երբ հարձակվողը կրակել է երիտասարդ աղջկա վրա, տանտիրուհին փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը մահացու վնասվածք է ստացել:
Լուսանկարում Գեւորգ Սարգսյանի տունն է



























