Ռուսական ավիացիան սեպտեմբերի 30-ին Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 4.200 թռիչք է իրականացրել, որոնցից 145-ը՝ ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Նրա խոսքով, ռուսական ավիացիան հրթիռային հարվածներ է հասցնում զինյալների ենթակառուցվածքների, ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի ուղղությամբ:
Բացի այդ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, սեպտեմբերի 30-ից ի վեր ռուսական ավիախումբը նավթ եւ նավթամթերք փոխադրող ավելի քան 1.200 ավտոցիստեռն է ոչնչացրել:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԻԼԻՊ-ի եւ ահաբեկչական այլ խմբավորումների դիրքերի ուղղությամբ հարվածներն ակտիվացել են: Ռուսական ավիացիան շարունակում է առաջնահերթ ուշադրություն հատկացնել Սիրիայում ահաբեկիչների եկամտի աղբյուրների ոչնչացմանը»,- հավելել է Ռուդսկոյը:




























