Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ ամրապնդմամբ: Այդ մասին ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական եւ մշակութային կապերով եւ Հայաստանը կարեւորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ ամրապնդմամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։




























