Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Երեւանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:

Երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ Երեւանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյա հոբելյանի առթիվ Հովիկ Աբրահամյանը բուհի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ամալյա Խառատյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ բուհի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սիմոնյանին, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանին, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Քինակցյանին, տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարինե Ասլանյանին եւ օտար լեզուների (ֆրանսերեն) ամբիոնի դոցենտ Այծեմնիկ Ստամբոլցյանին՝ խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին եւ շրջանավարտներին՝ բուհի 25-ամյակի առթիվ, մաղթել նորանոր ձեռքբերումներ: Վարչապետի խոսքով՝ 1990 թ. հիմնադրված «Գլաձոր» համալսարանը մեր երկրի առաջին ոչ պետական բարձրագույն կրթօջախներից է, որն արդեն կայացել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն եւ իր արժանի տեղն է զբաղեցնում ՀՀ բուհական համակարգում: «Շարունակական բարեփոխումների շնորհիվ «Գլաձոր» համալսարանում ապահովվում են ժամանակակից կրթություն կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Փաստ է արդեն, որ բուհի շրջանավարտները կարողացել են ձեւավորել որակյալ աշխատանքային շուկա եւ լինել մրցունակ», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է որակյալ կրթության ապահովման հարցում եւ´ պետական, եւ´ մասնավոր բուհերի դերակատարությունը եւ շարունակական բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ուղղված ավելի մրցունակ կրթական համակարգի ձեւավորմանը: «Պետական կրթական քաղաքականության սկզբունքները՝ հավատարմագրային գործընթացի ներդրում, որակի վերահսկողության մեխանիզմների ձեւավորում, ներքին եւ արտաքին աուդիտի իրականացում, հենց այդ նպատակին պետք է ծառայեն: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության ոլորտում ավելի բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի թե´ պետական, թե´ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները կարողանան ավելի որակյալ ծառայություններ մատուցել», - եզրափակել է կառավարության ղեկավարը: