ՀՀ կառավարությունը մտադիր է պաշտոնյաների գործուղումների ավիատոմսերի պատվիրման կենտրոնացված համակարգ կիրառել։ Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած Կառավարության նիստում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ, ուսումնասիրելով այլ երկրների փորձը, առաջարկվում է 3 հիմնական մոտեցում։
Հարությունյանը նշել է, որ պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները գործուղման են մեկնելու էկոնոմ դասով, ընդ որում, նրանց համար գնելու են ամենաէժան տոմսերը։ Նախարարները, գերատեսչության ղեկավարները նույնպես թռչելու են էկոնոմ դասով, բացառությամբ այն դեպքերի, երբ չվերթի տեւողությունը գերազանցում է 8 ժամը։ Եվ միայն Ազգային անվտանգության խորհրդի անդամների համար բացառություններ են արվելու։
Ինչպես հայտնել է Դավիթ Հարությունյանը, եթե պաշտոնյաները որոշեն ավելի բարձր դասի տոմսեր գնել, այդ ծախսերը պետբյուջեից չեն փոխհատուցվելու։




























