Հայաստանում առաջիկա 5 օրերին կպահպանվի առանց տեղումների եղանակը: Այս մասին ասյօր՝ դեկտեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` նշելով, որ դա կապված է դեկտեմբերի 5-ին իրար միացած Ազորյան եւ Սիբիրական անտիցիկլոններով, որոնք եղանակային առումով առաջացնում են կայունություն: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը մինչեւ դեկտեմբերի 21-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 22-23-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:
«Հյուսիսային կիսագնդում կլիմայական ռեկորդ է տեղի ունեցել, այն կայանում է նրանում, որ երբեւէ Ազորյան եւ Սիբիրական անտիցիկլոնների զբաղեցրած մակերեսը եւ տեւողությունը նման տեւական ժամանակահատվածում չի գրանցվել: Արդեն 15 օր է այս երկու անտիցիկլոնների ազդեցության տակ են գտնվում Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Թուրքիան, ամբողջ Կովկասը եւ կենտրոնական Ասիայի բոլոր երկրները, որտեղ ինչպես Հայաստանում արդեն 15 օր է տեղումներ ընդանրապես չեն լինում»,-ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ եթե որեւէ տարածաշրջան լինում է այս անտիցիկլոնների ազդեցության գոտում՝ եղանակը կայունանում է, օրերը լինում են առանց տեղումների:



























