Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակչուհի Արմինե Վարդանյանը Ամանորից ժամեր առաջ է իր երկվորյակներին լույս աշխարհ բերել: 6 տարի առաջ դեկտեմբերի 31-ին նոր էր արթնացել, երբ անսպասելի սկսած ծննդաբերական ցավերը թույլ չտվեցին ավարտել ամանորյա սեղանի վերջին պատրաստությունները:
«Սալաթներն էի ուզում պատրաստել, անսպասելի ցավերս բռնեցին: Ինձ բժիշկներն ասել էին՝ կեսարյան պետք է անեն, օրն էլ նշանակել էին հունվարի 12-ին, դրա համար ոչ ոք չէր մտածում, որ կարող է՝ այդ օրը ունենամ: Տարան հիվանդանոց, ու այնքան արագ ամեն ինչ եղավ, որ երկու ժամ հետո երեխեքը բնական եղանակով ծնվեցին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմինեն:
Արմինեն 2010թ. Ամանորը հիշում է որպես ամենաարտասովորն ու ամենաերջանիկը։ Կեսգիշերին առաջին հյուրերին ընդունեցին սենյակում, որտեղ իրենից բացի եւս երեք ծննդկան կար:
«Բժիշկները մտան, հերթով շնորհավորեցին: Ամեն մեկս մեր մոտ ինչ ուտելիք ու խմիչք ունեինք, դրել էինք սեղանին ու մրգով, սոկով դիմավորեցին, նշեցինք Նոր տարին»,- հիշեց Արմինեն:
Արմինեն մինչեւ հունվարի 3-ը մնացել է ծննդատանը, երկվորյակների հետ դուրս է գրվել ու տուն գնացել հունվարի 4–ին` ամուսնու ծննդյան օրը։
Դեկտեմբերի 31–ին ծննդյան տոնը նշելը դժվար է, ասում է Արմինեն, նույնիկ ամենամոտ հարազատները դժվարությամբ են այդ օրը գալիս, բոլորն իրենց տներում նախատոնական պատրաստությունների մեջ են։
«Երեխաներին ի՞նչ,– ասում է Արմինեն,– իրենք իրենց համար ուրախանում են, մանավանդ որ Ձմեռ պապը հենց իրենց ծննդյան տոնին է նվերներ բերում»:
Մայրը հասկանում է, որ երբ երկվորյակները մեծանան եւ ուզեն ընկերների հետ տարեդարձը նշել, դեկտեմբերի 31–ն այլեւս ծննդյան համար ամենահարմար օրը չի լինի նրանց համար։
Դրա համար էլ Վարդանյանները հիմա արդեն ավանդույթ են դարձնում երկվորյակների` Սոֆիի ու Գեւորիկի տարեդարձը հունվարի 1-ին նշելը։



























