Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող արյունալի զարգացումներն այսօր անհնար է շրջանցել: Այդ մասին դեկտեմբերի 18-ին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը։
Նրա խոսքով, չնայած նրան, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում, անմիջական, ուղիղ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ, բայց սիրիահայության արտագաղթը, ինչպես նաեւ փախստականների չդադարող հոսքերը, մասնավորապես դեպի Հայաստան, մեզ խորհելու հիմք են տալիս: «Պետք է հասկանալ, որ եթե Սիրիայի եւ Իրաքի համար պատուհաս դարձած, աշխարհի բազմաթիվ երկրներում ահաբեկչություններ իրականացրած «Իսլամական պետություն» կոչեցյալ չարիքը շարունակի գլուխ բարձրացնել ու ծավալվել, ապա կհասնի նաեւ Հյուսիսային Կովկաս, ինչն անմիջականորեն սպառանալիքի տակ կդնի նաեւ մեր երկրի շահերը: Եվ մենք պետք է պատրաստ լինենք, գործընկերպետությունների անվտանգության մարմինների հետ համագործակցությունը զարգացնելով, համատեղ ջանքերով չեզոքացնել բոլոր հնարավոր սպառնալիքները», նշել է ԱԱԾ տնօրենը:
«Այս եւ այլ, ոչ պակաս կարեւոր ուղղություններով ազգային անվտանգության մարմիններին եւ, առաջին հերթին, հետախուզությանն անհրաժեշտ է հետեւողականորեն զարգացնել սեփական գործունեության արդյունավետությունը: Իրականացված աշխատանքի հետ մեկտեղ, հետախուզության գործունեության մեջ արձանագրվել են նաեւ որոշ բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
Արցախյան պատերազմից ի վեր ազգային անվտանգության մարմինների հակահետախուզական ստորաբաժանումների գործունեության առանցքը կազմում է ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ նրանց աջակցող Թուրքիայի համանման կառույցների հետախուզականքայքայիչ գործունեության դեմ պայքարը: 1993 թվականից մինչ օրս Հայաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի 15 գործակալներ են բացահայտվել եւ դատապարտվել: Իսկ քանի՞ գործակալ են ի հայտ բերել նրանք: Բառացիորեն զրո: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտում են` փորձելով կապել նրան Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հետ: Դա մեզ մոտ ընդամենը քմծիծաղ է առաջացնում», արձանագրել է Գորիկ Հակոբյանը:
«Մեկ այլ հանգամանք եւս: Վերջերս Բաքվում տեղի է ունեցել թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում: Բնականաբար, մենք դեմ չենք դրան, եւ դա մեզ չէր վերաբերի, եթե չլինեին Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների փորձերը` օգտագործել իրենց գործընկեր հատուկ ծառայություններին Հայաստանի Հանրապետության շահերի դեմ: Այդ երեւույթը մեզ համար նոր չէ: Սակայն, նրանք պետք է հասկանան, որ դա անհեռանկար ու անիմաստ զբաղմունք է: Ժամանակն ու պատմությունը ցույց կտան, որ այս պայքարն ընթանում է բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջեւ: Որեւէ օգնություն, որ կցուցաբերվի Ադրբեջանին, մինչ օրս չի տվել ու երբեք չի տա այն արդյունքը, որին ձգտում է Ադրբեջանը:
Հակառակորդի դեմ տարվող հակահետախուզական աշխատանքի գերակշիռ ծավալն այսօր կազմում են կանխարգելիչ միջոցառումները: Վերջին տարիներին պատրաստվել եւ զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվել են ազգային անվտանգության մարմինների գործունեությունը լուսաբանող տասնյակից ավելի փաստավավերագրական ֆիլմեր, հրապարակվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների իրական նկրտումները եւ գործելաոճը բացահայտող բազմաթիվ հայտարարություններ, որոնք էականորեն նպաստել են նաեւ մեր հասարակության տեղեկացվածության աստիճանի եւ զգոնության բարձրացմանը», նշել է Հակոբյանը:



























