Երեւանի մանկապարտեզներում սննդի անբավարար որակի մասին վերահսկողության վարչության պետի զեկույցի բարձրացրած աղմուկից հետո «սեւ ցուցակում» ընդգրկված ընկերությունները կրկին մասնակցել են մանկապարտեզների սննդի գնման գործընթացի մրցույթին: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Քաղաքապետին ուղղված իր գրության մեջ նա գրում է հետեւյալը.
«Հասարակությունը պետք է լավ հիշի 2014թ. հունվարի 20-ին Երեւանի քաղաքապետի գործակարգավարական աշխատանքային խորհրդակցության ժամանակ մանկապարտեզներում սննդի անբավարար որակի մասին վերահսկողության վարչության պետի զեկույցի բարձրացրած աղմուկը, որին հետեւեց Երեւանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ» ՍՊԸ, «Հեփի ֆուդ» ՍՊԸ, «Անանո» ՍՊԸ, «Հալալ Միս» ՍՊԸ 4 կազմակերպություններին գնումների բողոքարկման խորհրդում պաշտոնական ընթացակարգով ֆիննախի սեւ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ, սակայն այդ կազմակերպությունները ոչ միայն չեն հայտնվել վերոնշյալ ցուցակներում, այլեւ 2015թ. կրկին մասնակցել են մանկապարտեզների սննդի գնման գործընթացի մրցույթին, իսկ «Հալալ Միս» ՍՊԸ-ի անունը ոչ թե գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում է հայտնվել, այլ գնումների գործընթացին մասնակցելու իրավունքը սահմանափակված ընկերություններ ցուցակի մեջ է եւ զրկվել է մեկ տարով՝ 29.12.2014թ.-29.12.2015թ., այն էլ 2014-ի փետրվարին Երեւանի քաղաքապետի արած առաջարկությունից 10 ամիս անց:
Այսինքն, քաղաքապետարանի հայտարարած գնումների մոտակա գործընթացին դեկտեմբերի 29-ից հետո կարող է մասնակցել մի կազմակերպություն, որը տեխնիկական բնութագրերին անհամապատասխան սնունդ էր մատակարարել մանկապարտեզներին:
Սահմանված կարգով գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող 8 կազմակերպությունների մի ցուցակ էլ նոր եմ ստացել՝ «Մեգա-Պեյպեր» ՍՊԸ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, «Տեսակենտրոն» ՍՊԸ, «Էվրի դեյ» ՓԲԸ, «Սոս 97» ՍՊԸ, «Դավիթշին» ՍՊԸ , ԱՁ Էդուարդ Առուստամյան, «Դավիթ-84» ՓԲԸ, որոնց գործունեության ոլորտի մասին տեղեկություն չի տվել քաղաքապետարանի համապատասխան մարմինը: Այստեղ շատ անհասկանալի է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի անվան առկայությունը, տեսնես ի՞նչ ոլորտում է գնումների մրցույթի մասնակցել այս պետական շահույթ չհետապնդող կազմակերպությունն ու ի՞նչ խախտումների պատճառով է առաջարկվել այդ անունը սեւ ցուցակում ընդգրկել:



























