Բրիտանացի սցենարիստ Էնդրյու Դեւիսը, որն աշխատել է  «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի հեռուստատարբերակի վրա, խոստովանել է, որ Լեւ Տոլստոյի գիրքը խոհանոցի մկրատով երկու մասի է բաժանել: Նա իր արարքը բացատրել է նրանով, որ BBC  հեռուստաալիքի համար վեպի ադապտացնելու ընթացքում չի ցանկացել իր վրա զգալ ստեղծագործության իշխանությունը, տեղեկացնում է  The Telegraph-ը: Նախագիծն արդեն ավարտված է, դրա պրեմիերան նշանակված է   2016-ի հունվարին, գրում է   Lenta-ն:

Դեւիսի խոսքով, մինչեւ մինի-սերիալի ստեղծումը, ինքը չէր կարդացել  «Պատերազմ եւ խաղաղությունը», սակայն հետագայում ամբողջությամբ կլանվել է դրանով:  «Ես վեպը կլանում էի այնքան միջոցներով, որքան կարող էի: Օրինակ` կարդում էի լողափին, մեքենայում, լսում էի աուդիոտարբերակը` էլի ու էլի, մինչեւ որ զգացի, որ պատմությունն ինձ այնքան ծանոթ է, որքան իմ սեփական կյանքը », — մեկնաբանել է սցենարիստը:

Նա եզրակացրել է, որ գիրքը, ըստ էության, պատմում է երեք երիտասարդ հերոսի կյանքը, որոնք փորձում են Նապոլեոնի դեմ Ռուսաստանի պատերազմի ընթացքում երջանկություն եւ կյանքի ճիշտ ուղի գտնել: 

Ավելի վաղ` դեկտեմբերի սկզբին Դեվիսին քննադատել էին այն բանի համար, որ սցենարի մեջ ներառել է Էլենի եւ Անատոլի Կուրագինի միջեւ արյունապղծության տեսարան: Սցենարի հեղինակի խոսքով,  գրողը բացահայտորեն ակնարկում է եղբոր եւ քրոջ միջեւ ինտիմ հարաբերությունները: «Պարզապես այդ ժամանակ Տոլստոյը չէր կարող իրեն թույլ տալ նման տեսարաններ պատկերել վեպում», — բացատրել է Դեւիսը: