Չինաստանի 9 խոշոր պղնձաձուլարաններ որոշել են 2016 թ. ավելի շատ կրճատել արտադրությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության մենեջերներից մեկին, որը չի ցանկացել հայտնել իր անունը:
Ավելի վաղ արդյունաբերողները պայմանավորվել էին 2016 թ. արտադրությունը կրճատել 350 հազար տոննայով, կամ էլ 2014 թ. տարեկան արտադրանքի 4.5 տոկոսի չափով: Հիմա նրանք մտածում են ավելի շատ նվազեցնել արտադրությունը, եթե իրենց ինքնարժեքից ավելի ցածր վերամշակման մարժա (TC/RC) առաջարկեն:
Նա չի հայտնել, թե պղնձի ինչ գին կամ վերամշակման ինչ մարժա է օրհասական դառնալու ու ստիպելու կրճատել արտադրությունը, գրում է The Wall Street journal-ը:
Նկատենք, որ վերամշակողների մարժան նվազում է պղնձի ցածր գնի պայմաններում: Եթե 2014 թ. դեկտեմբերին պղնձի համաշխարհային գները կազմում էին մոտավորապես 8500 դոլար մեկ տոննայի համար, ապա հիմա՝ 4500 -ից քիչ ավելին են:
Նշենք, որ Չինաստանը Հայաստանից պղնձի խտանյութի խոշորագույն գնորդն է (2014 թ. արդյունքներով՝ 58 տոկոսի): Պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման խոշորագույն հոդվածն է (2014 թ. արտահանվել է 185.1 հազար տոննա՝ 235 .9 մլն դոլար ընդհանուր գումարով):
Այդուհանդերձ, ձուլման կրճատումը պարտադիր չէ, որ հանգեցնի պղնձի խտանյութի պահանջարկի անկմանը: Ինչպես դեկտեմբերի սկզբին հայտնել է Wall Street Journal-ը, Չինաստանի 10 խոշորագույն պղնձաձուլարանները կոչ են արել ՉԺՀ կառավարությանը ավելի շատ հումք գնել քանի դեռ դրա գները ցածր են:


























