Դեկտեմբերի 23-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Իբրահիմ Մուհամմադ Մաաթին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում: Էդվարդ Նալբանդյանը դեսպան Մաաթիին հաջողություն մաղթեց իր առաքելությունում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Եգիպտոսի դեսպանն իր հերթին շեշտեց, որ Եգիպտոսը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմանը եւ համագործակցության զարգացմանը:
Հայաստանի արտգործնախարարը եւ Եգիպտոսի դեսպանն անդրադարձան հայ-եգիպտական փոխգործակցության օրակարգային հարցերին: Նրանք կարեւորեցին գալիք տարում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը Երեւանում: Երկուստեք նշվեց Եգիպտոսի հայ համայնքի կապող դերը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Մաաթին մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, քննարկեցին Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: Կողմերը համակարծիք էին, որ հրամայական է միջազգային ջանքերի համախմբումը՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու համար:




























