Ամերիկացի հոգեբաններն եկել են այն եզրակացության, որ «Աստղային պատերազմների» ֆանատները եւ վիդեոխաղերի մոլի երկրպագուները ինքնասիրահարված են եւ նյարդային։ Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են PLoS ONE ամսագրում, հայտնում է The Independent-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են Geek Culture Engagement Scale-ի եւ Geek Identity Scale-ի մշակույթը՝ պարզելով, թե ինչ աստիճանի է մարդը Geek դարձել։ Այնուհետեւ նրանք ուսումնասիրել են նրանց հոգեկան վիճակը։ Հեղինակները եկել են այն եզրակացության, որ որքան շատ է մարդ Geek դարձել, այնքան վառ են նրա մոտ դրսեւորվում ինքնասիրահարվածության գծերը, փոխանցում է Lenta-ն։
Խաղերի ֆանատներին գնահատել են 5-բալանոց սանդղակով՝ ելնելով այն հանգամանքից, թե որքան հաճախ են նրանք մասնակցում այնպիսի միջոցառումների, ինչպիսիք են կենդանի դերերով խաղերը, կոստյումներով շոուները, ինչպես նաեւ այն հանգամանքը, թե որքանով են նրանք տարված համակարգչային խաղերով ու «Աստղային պատերազմներ» ֆիլմով։
Ընդհանուր առմամբ հետազոտել են ԱՄՆ Ջորջիայի նահանգի 2345 մարդու, որոնք տարված են գիտական ֆանտաստիկայով։ Նրանց մեծամասնության մոտ հայտնաբերվել են ինքնասիրահարվածության հակում, նյարդային լարվածություն եւ ոչ կլինիկական դեպրեսիայի նախանշաններ։




























