Չինաստանի խորհրդարանը դեկտեմբերի 27-ին օրենք է ընդունել, որով թույլ է տրվում բոլոր ընտանիքներին ունենալ երկու երեխա: Օրենքն ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարի 1-ից:
Պետությունը պաշտպանում է սկզբունքը, ըստ որի մեկ ամուսնական զույգը կարող է ունենալ մինչեւ երկու երեխա»,-ասված է փաստաթղթում: Օրենքը մշակվել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի հոկտեմբերյան պլենումից հետո՝ որտեղ որոշվել է մեղմացնել «մեկ ընտանիք-մեկ երեխա» քաղաքականությունը:
Երկրորդ երեխայի ծնվելու արգելքը գործել է 36 տարի: Այդ ընթացքում կանխվել է 400 մլն երեխայի ծնունդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության եւ ծնելիության սահմանափակման հարցերի պետական կոմիտեի տվյալները:
Այս մեղմացումը թույլ կտա 2050 թվականին Չինաստանում աշխատունակ քաղաքացիների թիվն ավելացնել 30 մլն-ով:
«Մեկ ընտանիք-մեկ երեխա» սկզբունքը նաեւ բացասական ազդեցություն է ունեցել: Այն հանգեցրել է բնակչության ծերացման, ինչպես նաեւ բնակչությն շրջանում տղա երեխա ունենալու ձգտումը հանգեցրել է նրան, որ ներկայումս տղաների թիվը 20 մլն-ով ավելի շատ է: 2020 թվականին այդ շեղումը կհասնի 24 մլն-ի:




























