Իջեւանի զորամասերից մեկում 2014թ. մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի գործով մեղադրվող վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանի եւ սերժանտ Էդգար Մանուկյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը անձնական շահագրգռվածությամբ` իր հրամանատարության ներքո գտնվող վաշտին ամրակցված ավտոմեքենաներում պարբերաբար արձանագրվող ավտոբենզինի պակասորդը վերականգնելու նպատակով համաձայնություն է ձեռք բերել գումարտակի հրամանատար փոխգնդապետ Սամվել Գրիգորյանի հետ: Նրանք գումարտակի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ, մայոր Տիգրան Մանուկյանին տրված անօրինական հանձնարարությամբ վաշտին հատկացված դիզվառելիքից 2013թ. հոկտեմբերի, 2014թ. հունվարի եւ փետրվարի մարտական հերթափոխերին հենակետերից յուրաքանչյուրին 20-ական լիտր`ընդհանուր 240 լիտր, 2013թ. դեկտեմբերին եւ 2014թ. ապրիլի հերթափոխերին հենակետերից յուրաքանչյուրին 15-ական լիտր`ընդհանուր 120 լիտր, պակաս հատկացված դիզվառելիքը գումարտակի հրամանատարական դիտակետ տանելուց հետո 180 լիտր ավտոբենզինի հետ են փոխանակել, իսկ դա էլ լցրել են Զիլ 131 ավտոմեքենայի բաքերի մեջ: Արդյունքում պատճառվել է էական վնաս. մարտական հենակետերի անձնակազմերը, հիմնական ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն, կացարանը տաքացնելու եւ կերակուր պատրաստելու նպատակով ստիպված հենակետերի հարակից տարածքներից փայտ են հավաքել:

Պայմանագրային զինծառայող Էգդար Մանուկյանն էլ 2014թ. մայիսի 8-ից մինչեւ 23-ը խախտել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կրման կանոնները:

Գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Մանուկյանն էլ իր նկատմամբ պետ հանդիսացող գումարտակի հրամանատար Սամվել Գրիգորյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու նպատակով գումարտակի N վաշտին ամրակցված ավտոմեքենաներում պարբերաբար արձանագրվող բենզինի պակասորդը վերականգնելու համար Սամվել Գրիգորյանի ակնհայտ ապօրինի հանձնարարությամբ հատկացված դիզվառելիքից 2013թ. դեկտեմբերի, իսկ 2014թ. ապրիլի հերթափոխներին հենակետերից յուրաքանչյուրին 15 լիտր դիզվառելիք պակաս է հատկացրել, ինչի արդյունքում պատճառվել է էական վնաս:

Սամվել Գրիգորյանն էլ վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանի խնդրանքով վերջինիս աջակցելու եւ նրա հրամանատարության ներքո գտնվող ավտոմեքենաներում արձանագրվող բենզինի պակասորդը վերականգնելու նպատակով գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ`Տիգրան Մանուկյանին անօրինական հանձնարարել է պակաս դիզվառելիքը փոխանակել բեզինի հետ, որից հետո փոխանակված բենզինը տարել է զորամաս եւ լցրել 131 ավտոմեքենայի բաքերի մեջ:

Դասակի հրամանատար Ռուսլան Խուդոյանն էլ իր հերթին հատկացված դիզվառելիքը տնտեսելու համար անօրինական կարգով հրամայել է նույն նպատակով հենակետի կացարանում մասամբ փայտ վառել, տնտեսել է 80 լիտր դիզվառելիք, որը հանձնել է Գ.Ասրյանին՝ վերջինիս կողմից այն իրացնելու եւ գումար տնօրինելու նպատակով: Նույն վաշտի մյուս դասակի հրամանատար Արման Արաբաչյանն էլ տնտեսել է 40 լիտր եւ հանձնել Ասրյանին:

Զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ Արտաշես Մինասյանն էլ հանձնարարել է 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Տիգրան Մանուկյանին հենակետերին կացարանի տաքացման եւ կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքի մի մասը թողնել զորամասում, ինչի արդյունքում պատճառվել է էական վնաս:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ զորամասի հրամանատար Միհրան Մախսուդյանին, քանի որ ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցներ ձեռնարկելու պարտականություն, դրսեւորել է անգործություն:

Գարեգին Ասրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով, 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 182-րդ հոդվածի եւ 365-րդ հոդվածի 1-ին մասով: Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Տիգրան Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Սամվել Գրիգորյանին, Ռուսլան Խուդոյանին, Արման Արաբաչյանին, Արտաշես Մինասյանին եւ Միհրան Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Մեղադրական եզրակացությունից պարզվում է, սակայն, որ զինծառայողները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ եւ Ներսես Կարապետյանի անունն անգամ մեղադրական եզրակացությունում չկա: Մինչդեռ Ներսեսի մահից մեկ օր անց ՀՀ Պնախարարն անձամբ էր մեկնել զորամաս եւ հանձնարարել անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար

Հունիսի 2-ին նախարարին նամակ էր գրել նաեւ մահացած զինծառայողի մայրը՝ խնդրելով բացահայտել ճշմարտությունը, քանի որ իրենք ինքնասպանության կամ պատահականության վարկածներին չեն հավատում: Ժամեր անց արդեն պաշտպանության նախարարությունը պատասխանել էր բաց նամակին, մասնավորապես նշելով. «Եթե կա մի դեպք, որն ունի իրավական հետաքրքրություն, ապա համոզված պետք է ընդգծել, որ ՀՀ ՊՆ ղեկավարության եւ ՀՀ զինված ուժերի հրամանատարության գերխնդիրն է հայտնաբերել եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ցանկացած օրինախախտի` անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից եւ զինվորական կոչումից: Թե ՀՀ պաշտպանության նախարարը, թե հայոց բանակի հրամանատարությունը, թե զինված ուժերի իրավապահ մարմինները հաստատակամ են ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու, զինված ուժերում արձանագրվող միջադեպերը նվազագույնի հասցնելու համար»:

Հունիսի 17-ին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել վաշտի հրամանատար Գարեգին Ասրյանին եւ պայմանագրային զինծառայող Էդգար Մանուկյանին: Մահացած զինծառայողի հարազատները, սակայն, շարունակում էին պնդել, որ Ներսեսի մահվան համար չեն նրանց մեղադրանք առաջադրել, այլ Ներսեսից բենզինի գումար ուզելու եւ սխալ փաստաթղթերի համար, թե չէ Ներսեսի սպանության համար ոչ մի դեռ չեն ձերբակալել»:

Ի դեպ, Ներսես Կարապետյանի հարազատները դիմել են վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով նախաքննության մասին լրատվամիջոցներին տեղեկատվություն չտրամադրել

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 10-ին ժամը 08:50-ի սահմաններում հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանը՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: