Երեւանի 26-ամյա բնակիչ Ս. Մխիթարյանը կանգնել է դատարանի առջեւ խոհանոցային դանակով ուրիշին դանակահարելու համար: Ըստ մեղադրական եզրակացության` նա Երևան քաղաքի Փափազյան 22 շենքի 65-րդ բնակարանում վիճաբանել է Մ. Շաբանյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է Մ.Շաբանյանի որովայնին, ապա իր մոտ եղած միանվագ ածելիով ևս մեկ անգամ հարվածել է վերջինիս պարանոցին: Ս. Մխիթարյանը Մ.Շաբանյանին պատճառել է առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ս. Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:




























