Ռուսաստանի կառավարությունը  օրենքի նախագիծ է ներկայացրել Պետդումա՝ Դաշնային մաքսային ծառայությանը (ԴՄԾ) Եվրասիական տնտեսական միության  (ԵՏՄ) պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակագրության կազմման լիազորությամբ օժտելու, ինչպես նաեւ ռուսաստանցի գործարարների` համապատասխան տվյալներ տրամադրելու պարտավորությունների մասին:

Օրենքի նախագծով ենթադրվում է Ռուսաստանի ԴՄԾ-ին լիազորություն տալ ՌԴ-ի`  ԵՏՄ-ի անդամ երկրների հետ փոխադարձ առեւտրի վիճակագրություն կազմելու   վերաբերյալ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նաեւ սահմանվում է ռուսաստանցի գործարարների պարտավորությունը, որոնք գործարք են կնքել կամ որոնց անունից գործարք է կնքվել, վիճակագրական տեղեկանք ներկայացնել մաքսային մարմին: 

Բացի այդ, օրենքի նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել մաքսային մարմնին վիճակագրական տեղեկանք չներկայացնելու կամ ոչ ժամանակին ներկայացնելու կամ էլ վիճակագրական տեղեկանքում ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու համար: 

Մասնավորապես` նման իրավախախտումը կհանգեցնի վարչական տույժի. պաշտոնատար անձանց նկատմամբ`  10 հազարից 15 հազար ռուբլու  (առաջին խախտման համար) եւ  20 հազարից 30 հազար ռուբլու չափով (կրկնակի խախտման համար), իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար    20 հազարից 50 հազար ռուբլու (առաջին խախտման) եւ 50 հազարից 100 հազար ռուբլու չափով (կրկնակի խախտման համար):